Իրաքի եզդիներին օգնության հասնելու խնդրանքով Հայաստանի եզդի համայնքը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, հաղորդում է Սինջար եզդիների ազգային միավորումը:

Նամակում մասնավորապես ասվում է.«Օրերս, «Իրաքի եւ Լեւանտի իսլամական հանրապետության» ահաբեկչական կազմակերպության զինյալները հարձակում են գործել Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզի վրա: Մարզի հարավային շրջանը ներկայումս գտնվում է ահաբեկիչների վերահսկողության տակ: Վերջինիս հետեւանքով այդ բնակավայրերը լքել են ավելի քան 200. 000 խաղաղ բնակիչներ, որոնց մեծ մասը ազգությամբ եզդիներ են: Եզդի փախստականները ապաստան գտնելով Շանգալի լեռներում՝ այս պահին կանգնած են հումանիտար աղետի առաջ, քանի որ չունեն ջուր եւ սնունդ: Այսօր արդեն 150-ից ավել եզդի երեխաներ եւ ծերեր են մահացել՝ սովից եւ ջրի պակասից:Անհրաժեշտ է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդրի մասին բարձրաձայնի միջազգային կառույցներում: Խնդրում ենք Ձեզ հնարավոր միջոցներով օգնության հասնել դժբախտության մեջ հայտնված եզդիներին: Հայաստանի համար պետք է, որ հասկանալի լինի այն իրավիճակը, որում հայտնվել են եզդիները, քանի որ Հայաստանի բնիկ ժողովուրդը եւս մեկ դար առաջ ենթարկվել է տեղահանման եւ ցեղասպանության: Մենք լիահույս ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները միայնակ չեն թողնի դժբախտության մեջ հայտնված եզդի ժողովրդին»,-նշված է նամակում: