Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը թանկարժեք «Մերսեդես» մակնիշի զրահապատ ավտոմեքենա չի գնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կառավարության տեղեկատվության եւ վերլուծության կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ հերքելով մամուլում տարածված տեղեկությունը, թե վարչապետը ինքնաթիռով Հայաստան է բերել «Մերսեդես» մակնիշի զրահապատ ավտոմեքենա, որի գինը հասնում է մինչեւ 600 հազար ԱՄՆ դոլարի:
«Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: Ինձ համար տարօրինակ է, երբ որ լրատվամիջոցներից մեկը, իր աղբյուրներին հղում անելով, ինչ որ լուր է հրապարակում, ինչը հարցազրույցների եւ ծավալուն վերլուծությունների առիթ է ստեղծում: Ես այդ լուրը հերքել եմ, բայց տարօրինակ կերպով տարբեր քաղաքական գործիչներ շարունակում են դրա հիման վրա մեկնաբանություններ, վերլուծություններ անել»,- ասաց նա:
Նշենք, որ «Ժամանակ» թերթը օգոստոսի 5-ին գրել էր. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս օրերին գնել ու Հայաստան է տեղափոխել թանկարժեք «Մերսեդես» մակնիշի զրահապատ ավտոմեքենա: Զրահապատ ավտոմեքենան հատուկ պատվեր է, Հայաստան է բերվել ինքնաթիռով եւ դեռ գաղտնի է պահվում, այսինքն դեռ չի շահագործվում: Այս մեքենաների գինը հասնում է մինչեւ 600 հազար ԱՄՆ դոլարի:





























