Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հետեւում է Հայաստանի քաղաքացու գերեվարման մասին հրապարակումներին: Այս մասին հայտարարել է ԿԽՄԿ հայկական պատվիրակության հաղորդակցության հարցերով համակարգող Զառա Ամատունին՝ պատասխանելով Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գերեվարման մասին NEWS.am-ի հարցին:
«Կողմերի կամ կողմերից մեկի իշխանություններից պաշտոնական հաստատում ստանալու դեպքում, ԿԽՄԿ-ն իր մանդատի համապատասխան, կսկսի աշխատել որպես չեզոք միջնորդ»,-ասել է Ամատունին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի սահմանին գտնվող Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերի է ընկել: Նշենք, որ Կարեն Պետրոսյանը քաղաքացիական անձ է:





























