Օգոստոսի 1-ի դրությամբ Յունիբանկի ծառայություններից օգտվող հաճախորդների թիվը գերազանցել է 250 հազարը` նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճելով ավելի քան 45%-ով:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաճախորդների թվաքանակի աճը պայմանավորված է տեխնոլոգիաների կիրառմամբ նոր ծառայությունների մատուցմամբ, արագ եւ հարմարավետ սպասարկմամբ եւ բանկի հանդեպ բարձր վստահությամբ:

Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով եւ 46 մասնաճյուղերով: Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը: Յունիբանկի բոլոր մասնաճյուղերն իրականացնում են է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական եւ բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկա-դրամարկղային սպասարկում եւ կոմունալ վճարումների ընդունում:  «Հաղթանակ», «Օպերա» եւ «Լոռի» մասնաճյուղերն աշխատում են վեցօրյա ռեժիմով` հաճախորդների սպասարկում իրականացնելով նաեւ շաբաթ օրերին: «Զվարթնոց» մասնաճյուղն աշխատում է առանց հանգստյան օրերի` շուրջօրյա:

Սպասարկման գործընթացի բարելավման եւ հաճախորդների ժամանակի խնայման նպատակով, Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ  անցում են կատարում «մեկ պատուհանի» սկզբունքով հաճախորդների սպասարկմանը: Դա նշանակում է, որ հաճախորդներն ավանդի, վարկի, բանկային քարտի ձեւակերպումը, դրամական փոխանցումների իրականացումը կամ կոմունալ վճարումները կարող են կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերի լրացուցիչ մոտենալու կարիք այլեւս չկա: Արդյունքում մի քանի անգամ մեծացել է հաճախորդների սպասարկման արագությունը եւ բարձրացել մասնաճյուղերի աշխատանքի արդյունավետությունը: «Մեկ պատուհանի» սկզբունքով արդեն իսկ աշխատում են «Կոմիտաս» (Երեւան, Կոմիտասի 15/2) , «Օպերա» (Երեւան, Սայաթ-Նովա 1), «Աճառյան» (Երեւան, Աճառյան 22, N51), «Երիտասարդական» (Երեւան, Աբովյան 23/2) եւ "Զվարթնոց" (Զվարթնոց օդանավակայան) մասնաճյուղերը:

Բանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված են վճարային տերմինալներ հաճախորդների կողմից վարկերի ինքնուրույն մարման եւ հաշվի համալրման համար: Տերմինալներ գործարկվել են նաեւ ՎԵԳԱ ցանցի երկու խանութներում: