Էբոլի վիրուսը, որն այս տարի ավելի քան 800 մարդու կյանք է խլել եւ վախ, խուճապ եւ շփոթ է առաջացրել ամբողջ Արեւմտյան Աֆրիկայում, տարածաշրջանային էնդեմիկ սրացում չէ, ինչպես նախապես համարվում էր: Էդինբուրգի համալսարանում հայտնաբերել են, որ այդ Էբոլ-Զաիրի վիրուսի սրացում է, որը հայտնաբերվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Գերմանիայի Ռոբերտ Կոհի անվան ինստիտուտը հաստատել է այս եզրակացությունը: Այս մասին Mongabay.com կայքում գրել է Դենիել Սթայլզը:
Սա Էբոլ-Զաիրի վիրուսի առաջին բռնկումն է Արեւմտյան Աֆրիկայում եւ պատմության մեջ ամենածանրը: Գվինեայի հարավ-արեւելյան հատվածում վիրուսի բռնկման նախնական բացատրությունն այն էր, որ մարդիկ վայրի կենդանիների տապակած միս են կերել: Փաստը, որ այս վիրուսը երբեք չի հայտնաբերվել Արեւմտյան Աֆրիկայում, հերքում է վարկածներից մեկն այն մասին, որ դրա աղբյուրը չղջիկներն են:
Գոյություն ունեն նաեւ այլ վարկածներ: Վերջին շրջանում գորիլաներն ու գաճաճ բոնոբո շիմպանզեները կարող էին վայրի կենդանիների ապօրինի վաճառքով զբաղվողների կողմից Կոնգոյի վայրի բնությունից բերվել Գվինեայի մայրաքաղաք: Կենտրոնական Աֆրիկայում Էբոլի տենդի նախորդ հինգ բռնկումները կապված էին վայրի կենդանիների մսի վաճառքով զբաղվող ընկերությունների համար գորիլայի, շիմպանզեի եւ այծեղջյուրի մսի վերամշակման հետ:
Չինաստանի հասարակական կազմակերպության աջակցությամբ այս շրջանից բերված չորս գորիլաներ են հայտնաբերվել Չանշա քաղաքի կենդանաբանական այգում: Վայրի կենդանիների ապօրինի վաճառքի հետաքննությամբ զբաղվող ֆոտոլրագրող Կառլ Ամմանը կենդանաբանական այգի է այցելել 2014 թվականի հունվարին: Այգու կառավարիչը թարգմանչի միջոցով տեղեկացրել է, որ գորիլաներին խնամող աշխատակիցներին մեկը հիվանդացել է. նրա մոտ հեպատիտ են ախտորոշել: Այնուհետեւ գորիլաներից երկուսի մոտ նույնպես հեպատիտ են հայտնաբերել, ինչի արդյունքում բոլոր չորս կենդանիներին էֆթանազիայի են ենթարկել: Արդյո՞ք իրականում այդ Էբոլի տենդ չի եղել: Չէ՞ որ այդ հիվանդության ոչ բոլոր դեպքերում է արյունահոսություն լինում: Հարկավոր է շարունակել հետաքննությունը՝ հասկանալու համար, թե ինչպես է ախտորոշվել հիվանդությունը եւ ինչ է պատահել կենդանաբանական այգու վարակված աշխատակցուհու հետ:
Սակայն գործն այսքանով չի ավարտվում: 2011 թվականին Գվինեայում CITES-ի քարտուղարության առաքելությունը հետաքննության արդյունքում գաճաճ շիմպանզեների՝ Հայաստան արտահանման թույլտվություն է հայտնաբերել: Այս կենդանիները էնդեմիկ են Կոնգոյի դեմոկրատական հանրապետության համար: CITES-ի քարտուղարությունը չի հետեւել, թե ինչ է կատարվել դրանից հետո, սակայն լրագրող Կառլ Ամմանն արել այդ:
Աշխատելով հայ լրագրողուհի Քրիստինե Աղալարյանի հետ՝ նա գաճաճ շիմպանզեներից մեկին հայտնաբերել է «Ջամբո պարկ» անվանումով մասնավոր պարկերից մեկում, որը գտնվում է Ձորաղբյուրում: Մյուս շիմպանզեն մահացել է, սակայն պատճառների մասին ոչինչ չի նշվել: Գաճաճ շիմպանզեների այս ներմուծումը համընկել է Էբոլ-Զաիրի տենդի նախորդ բռնկման հետ:
Հարցազրույց անցկացնելով, ինչպես նաեւ ՊԵԿ-ից Հայաստան բերված կենդանիների ցուցակը ստանալով՝ Աղալարյանը բացահայտել է, որ 2011 եւ 2012 թվականներին առնվազն 5 գաճաճ բոնոբո շիմպանզե եւ 7 շիմպանզե է բերվել: Դրանցից ոչ մեկը չի ներառվել CITES-ի առեւտրի բազայի տվյալներում: Արդյո՞ք դրանք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից նախ բերվել են Գվինեա, այնուհետեւ՝ Հայաստան:
Վայրի կենդանիների անօրինական առեւտրականները որսում են գորիլլաներ, բոնոբո գաճաճ շիմպանզեներ եւ, հնարավոր է, նույնիսկ շիմպանզե Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Կենդանիները այլ երկիր, օրինակ Չինաստան կամ Հայաստան, ուղեւորվելու ճանապարհին ուղարկվում են Գվինեա, սակայն Էբոլ-Զաիր վիրուսով վարակված կապիկը կամ առեւտրականը իրենց հետ բերում են վիրուսը:





























