Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն ինքն է հատել Հայաստանի սահմանն ու հայտնվել Ադրբեջանում: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ Կարենը սեր է ունեցել խմիչքի նկատմամբ եւ դեպքի օրն էլ ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Ի դեպ, Կարենը սովորել է մինչեւ 3-րդ դասարան, իսկ մայրն էլ հոգեկան լուրջ խնդիրներ ունի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 7-ին Չինարիի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը գերեվարվել է: Պաշտոնապես տեղեկատվություն չկա, թե ինչպես է Կարեն Պետրոսյանը հայտնվել Ադրբեջանում: Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ Կարեն Պետրոսյանը դիվերսանտ չէ, իսկ Հայաստանի՝ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանն էլ հայտնել էր, որ ՀՀ քաղաքացու գերեվարման մասին լուրը ճշտվում է:





























