Տվյալ պահին ամենակարեւորը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կայացումն է՝ անկախ այն բանից՝ կլինի այն Փարիզո՞ւմ, թե՞ Սոչիում. կարեւորը, որպեսզի կողմերը կարողանան համաձայնության գալ, ինչի արդյունքում լարվածությունը կնվազի: Այդ մասին այսօր՝ օգոստոսզի 8-ին, լրագրողների հանդիպման ընթացքում հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը՝ անդրադառնալով այն փաստին, որ նախագահների հանդիպումը կազմակերպելու նախաձեռնությամբ առաջինը Ֆրանսիան էր հանդես եկել, իսկ այժմ այդ հանդիպումը նշանակված է Սոչիում, եւ արդյոք դա չի՞ վկայում այն մասին, որ Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում:

Դեսպանն ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում նախագահների հանդիպումը Սոչիում կազմակերպելու առաջարկությունը վաղուց է քննարկվել: «Այդ առաջարկությունը նորություն չէր: Հավանաբար դուք տեսել եք ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, որտեղ վերջինս ողջունել է Սոչիում կայանալիք հանդիպումը», - ասաց Քեթրին Լիչը:

Դիվանագետը երախտագիտություն է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար Սերյան Օհանյանին նրա հետ հանդիպելու հնարավորության, զրուցելու եւ ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության ներկայիս աճը խթանող պատճառները պարզելու համար: «Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը հաղորդագրություն էր տարածել, որ մենք խորապես ցավում ենք զոհերի կապակցությամբ: Մենք կցանկանայինք ցավակցություն հայտնել այն ընտանիքներին, որոնք վերջին բախումների հետեւանքով կորցրեցին իրենց երիտասարդ որդիներին»,-ասել է նա:

Քեթրին Լիչի կարծիքով, այժմ ամենակարեւորը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցությունը եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումն է: «Մենք գիտենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին ժամանել է Սոչի: Մենք հույս ունենք, որ այդ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել լարվածությունը», - նշեց դեսպանը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղարար ուժեր տեղակայելու ռուսական կողմի հնարավոր առաջարկությանը, Քեթրին Լիչն ասաց, որ այն ավելի շատ ԵԱՀԿ-ին Հայաստանին ու Ադրբեջանին է վերաբերում: «Տվյալ պահին այս հարցը մեզ չի վերաբերում», - եզրափակել է դիվանագետը: Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին: Հայկական կողմի հաղորդվում է 7 զինծառայողներ մահվան մասին: