Ռուսաստանի Տյումենի մարզի դատախազությունը դատարանին է փոխանցել Հայաստանի երկու քաղաքացիների կողմից ռուս-ղազախական սահմանն ապօրինաբար հատելու վերաբերյալ գործը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:
Քննության վարկածով, 2013-ի դեկտեմբերին Զոհրաբ Վրթանեսյանին արտաքսել են Ռուսաստանից՝ միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: Նրան արգելել են մուտք գործել ՌԴ մինչեւ 2018 թվականը: Այս տարվա փետրվարին նա ցանկացել է վերադառնալ Տյումենի մարզ: Թբիլիսիի օդանավակայանում Զոհրաբը ծանոթացել է Արամ Մելքոնյանի հետ, ում արգելվել էր մուտք գործել ՌԴ մինչեւ 2016 թվականը:
«Տղամարդիկ որոշել են միասին հատել ռուսական սահմանը Ղազախստանի կողմից: Նրանք Թբիլիսիից Կիեւով մեկնել են Աստանա: Այնտեղից տաքսիով հասել են սահմանամերձ Կրանսի Յար գյուղ եւ փետրվարի 24-ի գիշերը ոտքով անցել են ռուս-ղազախական սահմանը: Սակայն բռնվել են ռուս եւ ղազախ սահմանապահների կողմից»,-ասել են դատախազությունում:





























