Բաքվի ագրեսիվ գործողությունները լայնամասշտաբ պատերազմի նախապատրաստություններ չեն: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը, ղարաբաղյան եւ ադրբեջանական ուժերի շփման գծում լարվածության հրահրելով, մի քանի նպատակ է հետապնդում:

Առաջինը, նշեց պատգամավորը, Բաքուն որոշել է մատ թափ տալ միջազգային հանրությանը մի շարք հարցերի լուծման նպատակով: Երկրորդը, Ալիեւի ռեժիմը այսօր բախվում է մեծ քանակությամբ ներքին խնդիրների հետ եւ բարձրագոչ հայտարարություններն ու ղարաբաղյան հակամարտության էսկալացիան կոչված են միայն շեղել ներքին լսարանի ուշադրությունը երկրի ներսում տիրող իրավիճակից եւ այն ուղղորդել արտաքին թշնամու կողմը:

«Վերջապես, հակառակորդը որոշել է ստուգել հայ զինծառայողների բարոյական ոգին եւ մարտունակությունը», - նշեց Ալեքսանյանը:

Ղարաբաղում խաղաղարար ուժեր մտցնելու հավանականության մասին հարցին պատգամավորը պատասխանեց, որ «եթե ռազմաքաղաքական ղեկավարությունը հավաստիացնում է, որ դրանում անհրաժեշտություն չկա, նշանակում է չկա: Եվ ուժերի ավելորդ տեղաշարժը կարող է անիմաստ խուճապ առաջացնել»: Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը դեռեւս լարված է: Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական կողմը բավականին մեծ կորուստներ է ունեցել: