Հայկական Ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) արդիականացման համար Ռուսաստանից 300 մլն դոլար ստանալու հարցը լուծված է: Այս մասին օգոստոսի 8-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով, միջոցները տրամադրվելու են մինչեւ 2017 թվականը:

«2017թ. գարնանը կսկսվեն ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը մինչեւ 2026 թվականը երկարացնելու ուղղությամբ աշխատանքները: Կապիտալ վերանորոգում է կատարվելու, որը մեկնարկելու է գարնանը եւ տեւելու է կես տարի»,- նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 30-ին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ռուսաստանցի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ռուսաստանը համաձայնել է Հայաստանին 300 մլն դոլարի վարկ տրամադրել՝ ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը երկարացնելու համար: