Ադրբեջանում գերի ընկած գյուղացին մահացել է եւ սա առաջին անգամը չէ. բարբարոսությունը սահմաններ չունի: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը։

«Թիրախային քննադատությունը եւ դատապարտումը անհրաժեշտություն է»,-գրել է նա:

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն օգոստոսի 8-ին տեղեկատվություն է տարածել նախօրեին գերեվարված Կարեն Պետրոսյանի «հանկարծակի մահվան» մասին: Նախնական տեղեկություններով՝ Պետրոսյանի մահվան պատճառը եղել է «սուր սրտանոթային անբավարարությունը»:

«Ներկայումս նրա մահվան պատճառները պարզվում են Գյանջայի դատաբժշկական փորձաքննության եւ պաթոլոգոանատոմիայի տարածաշրջանային կենտրոնում»,-հաղորդում են ադրբեջանական աղբյուրները:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերի էր ընկել նախօրեին՝ օգոստոսի 7-ին: