«Նաիրիտ» քիմիական գործարանի բաժնետոմսերը մնում են «Rhinoville Property Ltd» հոլդինգին: Օգոստոսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով NEWS.am-ի հարցին՝ հայտարարեց Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով, չնայած ԱՊՀ Միջպետական բանկի՝ պարտքը վերադարձնելու վերաբերյալ հայցը բավարարվել է, գործարանի բաժնետոմսերի 90%-ը շարունակում է մնալ այդ ձեռնարկությանը:
Հարցին, մայիսի սկզբին պաշտոնը ստանձնելուց հետո Երվանդ Զախարյանը հանդիպե՞լ է ընկերության ներկայացուցիչների հետ՝ գործարանի ապագայի վերաբերյալ նրանց կարծիքն իմանալու նպատակով, Զախարյանը պատասխանեց, որ նման հանդիպում տեղի չի ունեցել: Իսկ հարցին, արդյո՞ք Էներգետիկայի նախարարությանը հայտնի է, թե ո՞վ է ընդհանրապես այդ հոլդինգի տերը (8 տարվա ընթացքում դրա ներկայացուցիչներին Հայաստանում այդպես էլ դեմքով չեն տեսել), Զախարյանը պատասխանեց. «Այդ կարեւոր էլ չէ: Աշխարհում 90% դեպքերում ընկերությունների սեփականատերերը չեն բացահայտում իրենց»:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարին Մոսկվայի Արբիտրաժային դատարանը որոշել էր, որ «Rhinoville Property Ltd»-ն պետք է ԱՊՀ Միջպետական բանկին 107.95 մլն դոլար փոխանցի չվճարված վարկային գծի հաշվին, որը հոլդինգի համար բացվել է 2006թ., 70 մլն դոլարի չափով, ինչպես նաեւ տոկոսները: Միջպետական բանկը մեկ այլ հայց էլ ներկայացրել է «Նաիրիտ»-ի դեմ («Նաիրիտ գործարան» ՓԲԸ), որը ձեւակերպված է որպես 25.183 մլն դոլարի չափով վարկի երաշխավոր: «Նաիրիտ»-ը ԽՍՀՄ-ում կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր: 2006 թվականին «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90%-ը բրիտանական «Rhinoville Property Limited» կոնսորցիումին վաճառվեց 40 մլն դոլարով, իսկ մնացած 10% բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի կառավարությանը: 2010 թվականին գործարանում արտադրությունը կանգ առավ:
«Rhinоville Property Limited» ընկերությունը հիմնադրել են լեհական «Samex»-ը, ամերիկյան «Intertex»-ը եւ ռուսական «Եվրոգազ»-ը: Իսկ Միջպետական բանկը միջազգային բանկային ինստիտուտ է՝ ԱՊՀ երկրների պետական կապիտալի 100%-անոց մասնակցությամբ:




























