Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում որեւէ լուրջ առաջընթաց կարելի է արձանագրել միայն այն դեպքում, եթե դրանց մասնակցի Արցախի Հանրապետության ներկայացուցիչը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի նախագահի հետ Սոչիում նախանշված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առանձին եւ հնարավոր եռակողմ հանդիպումներին:
Պողոսյանի խոսքով, ավելի վաղ արդեն տեղեկություն կար այն մասին, որ Սոչիում կայանալու են Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի բանակցությունները, հնարավոր է՝ Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ կամ ընդհանրապես կարող էր ենթադրվել երկու ռազմավարական դաշնակից երկրների ղեկավարների հանդիպում:
«Քանի որ դրանից առաջ ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում իրավիճակը սրվեց, Պուտինը փորձ արեց նախաձեռնություն ցուցաբերել նաեւ եռակողմ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Չեմ կարող ասել, այդ հանդիպումը կկայանա՞, թե՞ ոչ. ես ուրախ կլինեի, եթե հանդիպումը կայանար՝ չնայած անձամբ ես դրանից ոչ մի ակնկալիք չունեմ, քանի որ հանդիպմանը չի մասնակցելու Արցախի հանրապետության ներկայացուցիչը»,- ընդգծեց պատգամավորը:
Երեք նախագահների հնարավոր հանդիպումը, Թեւան Պողոսյանի կարծիքով, կարող է ուղղված լինել լարվածության թուլացմանը կամ հերթական որեւէ հայտարարության ստորագրմանը: «Բնականաբար, հասկանալի է, որ Ռուսաստանի նախագահը կփորձի այդ ներկայացնել սեփական PR-ի տեսանկյունից, որ արձագանքել է իրավիճակին եւ կարողացել է որոշակի չափով նպաստել լարվածության թուլացմանը: Բայց քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում հանդիպումներին, չեմ հավատում, որ բանակցային գործընթացում որեւէ հարց տեղից կշարժվի»,- ամփոփեց «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության քարտուղարը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Սոչի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու նպատակով: Ըստ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, նախատեսվում է նաեւ Պուտինի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Չի բացառվում նաեւ եռակողմ հանդիպման հնարավորությունը:





























