Հայաստանի քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ առողջական խնդիրներ ունենալու պատճառով: Այս մասին NEWS.am-ին ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

«Ալեքսան Կարապետյանն օգոստոսի 5-ին գրավոր դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որ իրեն աշխատանքից ազատեն՝ այլ աշխատանքի անցնելու համար: Պատճառն այն է, որ Ալեքսան Կարապետյանն առողջական խնդիրներ ունի եւ իրեն բուժման համար ավելի շատ ժամանակ է հարկավոր»,- ասաց նա:

Արտաշես Գեղամյանի խոսքով՝ չնայած հիվանդությանը՝ Ալեքսան Կարապետյանը շարունակելու է աշխատել քաղաքաշինության նախարարությունում, բայց արդեն որպես նախարարի գլխավոր խորհրդական:

«Ալեքսանը օգոստոսի 7-ին վարչապետի կողմից պարգեւատրվեց լավ աշխատանքի համար: Բացի դրանից՝ նախագահն ու վարչապետը նրան առաջարկեցին այլ աշխատանք, որն ավելի թեթեւ գրաֆիկով է լինելու եւ ծանրաբեռնված չէ: Ալեքսան Կարապետյանը շնորհակալ է նախագահին ու վարչապետին այս վերաբերմունքի համար»,- ավելացրեց նա:

Նշենք, որ Ալեքսան Կարապետյանի փոխարեն փոխնախարար է արդեն նշանակվել տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը: