Անցյալ շաբաթ համաշխարհային առաջնորդները հավաքվել էին Եվրոպայում, որպեսզի նշեն Առաջին Համաշխարհային պատերազմը սկսվելու հարյուրամյակի կապակցությամբ: Այս առթիվ ամերիկյան «The New York Times»-ն իր կայքում ինտերակտիվ թվային պլատֆորմ է թողարկել, որպեսզի պատերազմի ժամանակագրություն վարի եւ ներկայացնի դրա հետեւանքներն աշխարհում, սակայն չի ներառել Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես գրում է «Asbarez»-ը, իր «Մեծ պատերազմը. Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյա ժառանգությունը» պլատֆորմում «The New York Times» թերթը ոչ միայն արատավորել է իր ժառանգությունը որպես թերթ, որը գրանցում է պատմությունը, այլ նաեւ վերանայել է պատմությունը՝ այդ թվում նաեւ սեփական՝ Հայոց ցեղասպանությունը բաց թողելով իր իսկ կազմած սանդղակում:
Հայոց ցեղասպանության տարիներին «The New York Times»-ն ամենաակտիվ տեղեկատու աղբյուրն էր Օսմանյան կայսրության հայ բնակչության զանգվածային ոչնչացման վերաբերյալ, վստահելի աղբյուր, որը լուսաբանում էր իրադարձությունները, որոնք ավելի ուշ հայոց ցեղասպանություն կկոչվեն: 1915-1923թթ. իրադարձությունների լուսաբանումը թերթի կողմից այնքան տպավորիչ էր, որ ավելի քան 200 լուր ու թեմատիկ հոդված ընդգրկվել են 1980թ.-ին Ռիչարդ Քլոյանի հրատարակած գրքում:





























