Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպումից Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի միակ ակնկալիքը որեւէ արդյունավետ պայմանավորվածության ձեռբերումն է, որի օգնությամբ կրկին կայուն հրադադարի ռեժիմ կհաստատվի: Այս մասին Ստեփան Մարգարյանը հայտարարեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Պատգամավորի համոզմամբ, դա նախանշված հանդիպմանն իմաստ կհաղորդեր: «Հակառակ դեպքում՝ չգիտեմ, թե ինչ նշանակություն կարող է ունենալ այդ հանդիպումը»,- նշեց Մարգարյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ որոշակի հստակություն է անհրաժեշտ, քանի որ հրադադարի մասին համաձայնագիր արդեն կա. 1994 թվականի հրադադարի մասին պայմանագիրը ոչ ոք չեղյալ չի հայտարարել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Սոչիում նախանշված է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ռուսաստանի առաջնորդն առանձին հանդիպում է անցկացնելու նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հնարավոր է նաեւ նախագահների եռակողմ հանդիպում:





























