Երեւանում հնարավոր է ավտոբուսային պարկը թարմացնելու միջոց գտնել նաեւ 100 դրամ ուղեվարձի պարագայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել ուկրաինական «Ինտեր Ավտո Թրեյդինգ» ընկերության ավտոմոբիլային տեխնիկայի վաճառքի եւ սպասարկման բաժնի ներկայացուցիչ Անդրեյ Շպակը: Նրա խոսքով, լուծումներ գտնել, ընդհանուր առմամբ, հնարավոր է, չնայած հարկավոր է ընդունել, որ այդ սակագինն իսկապես ցածր է:

Համեմատության համար նշենք, որ Կիեւում այն 3.5-4 գրիվնա է՝ կախված տարածությունից: Գրիվեն-դոլար ներկա փոխարժեքով 12 գրիվենը կազմում է շուրջ 30 ցենտ, իսկ 100 դրամի պարագայում՝ 25 ցենտ: «Թվերը մոտ են, սակայն Երեւանում նման սակագինը պահպանելը դժվար է, քանի որ ուղեւորահոսքն ավելի փոքր է»,- նշեց Շպակը: Ամեն դեպքում, ըստ նրա, 100 դրամ սակագնի պարագայում կարելի է բանակցություններ վարել բանկերի հետ:

«Ավտոբուսների ցածր դասի դեպքում կարելի է հուսալի կոմպլեկտավորմամբ տարբերակներ ընտրել 40-45 հազար դոլարի սահմաններում՝ հաշվի առնելով առաքումը: Դրա համար անհրաժեշտ է գնման ծրագիր մշակել ֆինանսական կազմակերպությունների հետ»,- հավելեց մասնագետը:

Նա նաեւ հավելեց, որ ժամանակին հայկական երկու բանկեր հաջողությամբ տեղական պատվիրատուներին բանկային ծառայություններ էին առաջարկում՝ ուկրաինական ավտոբուսներ գնելու համար: «Տարեսկզբին մենք կրկին հանդիպեցինք այդ բանկերից մեկի կառավարման խորհրդի նախագահի հետ: Հարկավոր է հանդիպել, շփվել, այդ ժամանակ էլ լուծումներ կգտնվեն: Մենք, իհարկե, ուրախ կլինենք, եթե երեւանյան փոխադրողները նորից հետաքրքրվեն ուկրաինական ավտոբուսներով, իսկ դրանք իրենց որպես հուսալի ներկայացրեցին»,- նկատեց Շպակը:

Հիշեցնենք, որ ուկրաինական «Բոգդան» ավտոբուսները Երեւանում շահագործվում են 2005 թվականից: Նկատենք նաեւ, որ Երեւանի գրեթե բոլոր տրանսպորտային ընկերությունները հայտարարում են, որ ուղեվարձի 100 դրամ սակագնի պարագայում բոլոր բանկերը դրանք շահավետ չեն համարում եւ վարկավորում են միայն կայուն գրավի դեպքում (անշարժ գույք կամ ավտոբուսային պարկ): Ամեն դեպքում, սակագնի բարձրացման գաղափարը բնակչության խիստ դժգոհությանն է բախվում: