Ռուսաստանը այժմ արդեն իսկ ունի մեծ խնդիրներ իր երկրի սահմաններում եւ բնավ շահագրգռված չէ նոր բախումներ հրահրել։ Այդ մասին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով իրավիճակը շփման գծում:
«Մենք արդյունավետ աշխատանքներ ենք տանում ռուսական կողմի հետ, ես հավատացած եմ, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ նոր խնդիրներ ստեղծելով։ Խնդրի խաղաղ լուծում գտնելու մեջ հետաքրքրված ենք նաեւ մենք, քանի որ Հարավային Կովկասի երկրները մեր գործընկերներն են, եւ մենք հետաքրքրված ենք այս տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման հարցում»,- նկատել է համանախագահը։
Հարցին, թե ինչպե՞ս կբացատրի Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, այն դեպքում, երբ Ադրբեջանը չլուծված խնդիր ունեցող երկիր է, Ուորլիքը պատասխանել է. «Ռուսաստանն իրավունք ունի առեւտրական հարաբերություններ հաստատել ցանկացած երկրի հետ։ Դա ոչ մի կերպ չի խոչընդոտում Ռուսաստանին խաղաղ բանակցությունների խրախուսման գործում արդյունավետ աշխատանք ծավալելու հարցում։ Խաղաղության հաստատման որոշումը, այդուհանդերձ, Հայաստանինն ու Ադրբեջանինն է, իսկ խնդրի լուծումը պահանջում է շատ ավելի մեծ ջանքեր»։
Հաշվի առնելով աշխարհում տիրող բարդ իրավիճակը (Ուկրաինա, Սիրիա, Իրաք)՝ կարո՞ղ է արդյոք Ղարաբաղյան խնդիրը եւ դրա լուծումը լինել ամերիկյան արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը, հարցին էլ համանախագահը պատասխանել է. «Անշուշտ, աշխարհի տարբեր անկյուններում տիրող բարդ իրավիճակներն անհանգստության մեծ առիթ են ԱՄՆ-ի համար, սակայն սա եւ ոչ մի կերպ չի թուլացնում Ղարաբաղյան խնդրի լուծման անհրաժեշտության առաջնայնությունը ԱՄՆ-ի համար։ Մեր նպատակն է տեսնել Եվրոպան ամբողջական, ազատ եւ խաղաղ։
Լեռնային Ղարաբաղի խնդիրը սեւ բիծ է Եվրոպայի համար, եւ այդ իսկ պատճառով կողմերին բավարարող լուծում գտնելու հարցում ԱՄՆ-ը ունի մեծ հետաքրքրություն։
Կրկնում եմ, մեր նպատակն է՝ Ազատ, ամբողջական եւ խաղաղ Եվրոպա»։





























