Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից օրեր առաջ NTV հեռուստաընկերության եթերում հայերին վիրավորելու դեմ Ստամբուլում բողոքի ակցիա է տեղի ունեցել:

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի բազմաթիվ հայեր, «Նոր Զարթոնք» շարժումը, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամներ Էրդողանի ռասիստական հայտարարության դեմ բողոքի երթ եւ ակցիա են իրականացրել Ստամբուլի Ակոս շաբաթաթերթի խմբագրության դիմաց:

Բողոքի ակցիայի մասնակիցները պարզել են պաստառներ, որոնցում կոչ են արել Էրդողանին՝ ներողություն խնդրել հայերից:

Բողոքի ակցիայի ժամանակ ելույթ է ունեցել «Նոր Զարթոնք» խոսնակ Սայաթ Թեքիրը՝ շեշտելով, որ Էրդողանն իր հայտարարությամբ հանցանք է գործել, որի համար իրենք հայց են ներկայացրել եւ կոչ են անում պատասխանատուներին զբաղվել այդ հարցով:

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական Star TV եւ NTV հեռուստաընկերությունների համատեղ եթերում պատասխանելով հաղորդավարի հարցերին, անդրադարձել է նաեւ ժողովրդի կողմից քննարկվող իր արմատների հարցին: «Իմ արմատները Ռիզեից են: Ինձ ասում էին, թե վրացի եմ, ավելին, մեկը կանգնեց ավելի կեղտոտ բան ասաց՝ պնդելով, թե ես հայ եմ»,-ասել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Էրդողանի այս խոսքերը մեծ արձագանքն են գտել թուրքական մամուլում եւ սոցկայքերում։