Ուկրաինան սկսել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Ռուսաստանի դեմ հայցի ներկայացման ընթացակարգը: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն, հաղորդում է «Unian»-ը:
Նախարարի խոսքով՝ նախատեսված դատավեճը երկրի արեւելյան իրադարձությունների շուրջ է: «Մենք Ռուսաստանի կողմից ահաբեկիչներին աջակցության ցուցաբերման անվիճելի ապացույցներ ունենք. զենք, տեխնիկա, գումար, վարձուների փոխադրում: Ուկրաինան սկսել է Ռուսաստանի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց ներկայացնելու գործընթացը՝ ահաբեկչության ֆինանսավորման միջազային համաձայնգրի խախտման մեղադրանքով», - նշել է Պետրենկոն:
Նա ընդգծել է, որ տվյալ համաձայնագիրը բավականին լուրջ միջազգային ակտ է եւ վերջինիս պայմանների խախտումը խիստ պատժամիջոցներ է նախատեսում: Արդարադատության նախարարի խոսքով՝ ուկրաինական կողմն արդեն սկսել է մինչդատական ընթացակարգը. համապատասխան նոտա է ուղարկվել Ռուսաստանին: «Դրանից հետո մենք կպահանջենք ձեւավորել արբիտրաժ», - ասել է Պետրենկոն՝ պարզաբանելով, որ մինչդատական ընթացակարգը տեւում է մոտ 7 ամիս:





























