Շվեդ քաղաքական գործիչ Հրավն Ֆորսնեն հայտարարել է, որ ինքը Ֆրանսիայի հանգուցյալ նախագահ Ֆրանսուա Միտերանի որդին է: Այդ մասին, ինչպես հաղորդում են շվեդական լրատվամիջոցները, նա պատմել է շվեդական շրջանային «Kungsbacka-Nytt» պարբերականին:
25-ամյա Ֆորսնեն 66-ամյա շվեդ լրագրողուհի Քրիստին Ֆորսնեի որդին է, ով երկար տարիներ աշխատել է Փարիզում: Նա անցյալ տարի հաստատել է, որ 1980-1990-ական թվականներին Միտերանի սիրուհին է եղել: Ընդ որում կինը միշտ հրաժարվել է պատասխանել հարցերին այն մասին, թե ով է երեխայի հայրը:
Ինչպես նշում է «Ինտերֆաքսը», ինքը Ֆրոսնեն լրագրողներին պարզաբանել է, որ թեման բարձրացրել է, քանի որ դա կարեւոր է համարում շվեդ ընտրողների համար: Ֆորսնեն իր թեկնածությունն է առաջադրել խորհրդարանական ընտրություններում, որոնք կկայանան այս տարի քիչ ավելի ուշ: Նա Շվեդիայի վարչապետ Յոն Ֆրեդերիկ Ռայնֆելդտի կուսակցության անդամ է:





























