Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի 100 կամավորներ վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ մի քանի օր է՝ գտնվում են մարտական դիրքերում:

Վարչակազմի ղեկավարը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հայ զինվորների մարտական ոգին բարձր է, կրակոցներ լինում են, սակայն իրավիճակն ամբողջովին վերահսկվում է:

«Դիրքերում ենք, ամեն ինչ նորմալ է, կմնանք այնքան, ինչքան պետք լինի, չնայած որ նախապես որոշել էինք 3 օր մնալ»,- ասաց նա:

Կամավորների հետ դիրքերում գտնվող Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանն էլ ընդգծեց, որ մերօրյա զինվորներն ավելի քաջ են եւ հստակ գիտեն իրենց անելիքները:

«Հանգիստ կարող ենք լինել, որովհետեւ նման զինվորներ ունենք, հատկապես որ նրանց կողքին պատերազմի մասնակիցներն էլ են կանգնած»,- ասաց նա:

Նշենք, որ այս օրերին շատ ազատամարտիկներ ու կամավորներ են մեկնել առաջնային գիծ՝ զինվորներին քաջալերելու եւ անհրաժեշտության դեպքում օգնելու համար:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին: