Մեր մաքսային ծառայության տվյալներով՝ Հայաստանի արտաքին առեւտուրը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նշանավորվել է համեստ, բայց, այնուամենայնիվ, աճով: Տարեկան կտվածքով ընդհանուր շրջանառությունը աճել է 1,4%-ով, այդ թվում՝ արտահանումը՝ 1,5%-ով, ներմուծումը՝ 1,3%-ով:

Այդուհանդերձ, Ուկրաինայի հետ արտաքին առեւտրում անբարենպաստ միտումներ են դիտարկվում: Այսպես, հաշվետու կիսամյակում Հայաստանից այս երկիր ապրանքների արտահանումը տարեկան կտրվածքով կրճատվել է ավելի քան 2,3 մլն դոլարով կամ 34,4%ով: Այդ նույն ժամանակահատվածում Ուկրաինայից ներմուծումը մեր երկիր նվազել է 15,6 մլն դոլարով, կամ 15,2%-ով:

Ուկրաինայից Հայաստան ներմուծվող ապրանքների կառուցվածքում գերիշխում են երկաթաձողերը, առաջին կիսամյակում 11,7% մասնաբաժնով: Այսինքն, այդ երկրից մեր ներմուծման մեկ տասներորդը բաժին է ընկնում այդ շինանյութին: Այդ ձողերի ներմուծումը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 5,6%-ով:

Մեր արտահանումը դեպի Ուկրաինա առանձնացել է ավելի հակապատկեր անհամամասնություններով. ընդհանուր ծավալի 78,3%-ը բաժին է ընկել միայն մեկ ապրանքի՝ թունդ ալկոհոլային խմիչքներ, այսինքն կոնյակ եւ օղի, որոնց արտահանման ծավալները կրճատվել են 3,2%-ով:

Դատելով ընթացիկ տարված հունվար-մայիս ամիսների տվյալներից՝ ընդհանուր առմամբ, Ուրաինայի արտաքին առեւտուրը բնութագրվում է ինչպես դրականորեն, այնպես էլ բացասականորեն: Արտաքին առեւտրային շրջանառության դրական հաշվեկշիռը հասել է 524,5 մլն դոլար՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 3,4 մլրդ դոլար պակասուրդի համեմատությամբ: Սա արտաքին առեւտրային շրջանառության կառուցվածքային շարժերի հետեւանք է:

Թեեւ արտահանումը կրճատվել է 5,1%-ով, ներմուծման մեջ անկումը շատ ավելի շոշափելի է՝ 18,0%: Ավելորդ չէ նշել, որ ուկրաինական ապրանքների արտահանումը Եվրամիության երկրներ ավելացել է մոտ 1,1 մլրդ դոլարով: Արդյունքում ԵՄ-ի մասնաբաժինը Ուկրաինայի արտահանման մեջ մեկ տարվա ընթացքում 27,6%-ից ավելացել է մինչեւ 33,5%: