Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Արման Կատունյանի գործը ոստիկանության քննչական ծառայությունից տեղափոխվել է Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական վարչություն: Այս մասին NEWS.am-ին ասաց Կատունյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Արման Կատունյանը պաշտպանության նախարարության աշխատակից է, ուստի նրա վերաբերյալ ցանկացած գործ պետք է քննի ՊՆ քննչական վարչությունը: Մենք էլ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը՝ խափանման միջոցի վերաբերյալ, արդեն բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան, քանի որ դատարանը անազատության համար ոչ մի հիմք չի ունեցել, սակայն իմանալով հայկական պրակտիկան՝ էական հույսեր չենք կապում Վերաքննիչի հետ»,- ասաց նա:

Փսատաբանը չցանկացավ մեկնաբանել առաջադրված մեղադրանքը, կամ թե ինչու է ոստիկանությունը հենց Կատունյանին մեղադրում Հարություն Գրիգորյանի մահվան մեջ:

Նշենք, որ Կատունյանը ՊՆ Շիրակի մարզի Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետն էր։ Ըստ Գյումրիում տարածված տեղեկությունների՝ սպանության դրդապատճառը խանդն է։ Կատունյանի խոսքով՝ ռեկտորի եղբայրը երկար ժամանակ սիրահետել է իր կնոջը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի առաջին եւ 235 հոդվածի առաջին մասերով (ապօրինաբար, դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը եւ ապօրինի զենք կրելը): Արման Կատունյանը կալանավորված է եւ գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզում hուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում, Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել էին Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային տարբեր վնասվածքով։