Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ Ազգային ժողովի եւ կառավարության մի խումբ անդամներ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե քննարկվել են Արցախի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ սահմաններում տիրող իրավիճակին: Երկուստեք նշվել է, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն կողմնակից են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, միեւնույն ժամանակ հարկ եղած դեպքում միասին կպաշտպանեն հայկական երկու պետությունների անկախությունն ու անվտանգությունը, հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը:
Պատվիրակության հետ Արցախ է մեկնել նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:





























