«Արաքս թռնչաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ցոլակ Մազմանյանը տեղյակ չէր, որ ֆինանսների նախարարությունը խոշոր խախտումներ է արձանագրել իրենց ընկերությունում: NEWS.am-ի հետ զրույցում Մազմանյանն ընդգծեց, որ այդ մասին առաջին անգամ է լսում:

«Մեզ ոչ ծանուցել են, ոչ էլ հայտնել են, որ խախտումներ են բացահայտել: Ես ընդհանրապես տեղյակ չեմ, չգիտեմ էլ՝ մեզ այդ մասին երբ տեղյակ կպահեն»,- ասաց ընկերության տնօրենը:

Նրա պնդմամբ՝ իրենք աշխատում են օրենքով, ապրանքն էլ բաց է թողնվում հաշիվ-ապրանքագրերով:

Նշենք, որ օգոստոսի 8-ին ֆինանսների նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ում խոշոր խախտումներ են արձանագրվել. «Փաստաթղթերով որպես ապրանքների ստացող կողմ ցույց է տրվում գազել մակնիշի պահեստ-ավտոմեքենան, սակայն այն իրականում բեռնաթափվում է Վանաձորի շուկայի հետնամասում գտնվող պահեստային տարածքում, որը, սակայն հայտարարագրված չէ հարկային տեսչությունում եւ այստեղից էլ հիմնականում առանց փաստաթղթերի ապրանքներն իրացվել են տարբեր գնորդների»: