«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված մի քանի տասնյակ բնակարանատերեր, որոնք այսօր՝ օգոստոսի 9-ին, ներխուժել էին Դավիթաշենի 2-րդ թաղամասում ՍՊԸ-ի կառուցած շենք, հեռացան շենքից՝ խոստանալով, որ եթե 10 օրվա ընթացքում իրենց հարցը չլուծվի, կվերադառնան եւ կմնան կիսակառույց շենքում։

«10 օրից եթե ոչ մի պատասխան  չտան, գալու ենք, ջարդենք, փշրենք, մտնենք շենք եւ մնանք այստեղ»,-ասաց բնակարանատերերից մեկը։

«Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակարանատերերը NEWS.am-ի հետ հետ զրույցում նշեցին, որ հինգշաբթի օրը կգնան Կառավարություն՝ իրենց պահանջները ներկայացնելու, սակայն պատասխան չստանալու դեպքում ծայրահեղ միջոցների են դիմելու։

«Էս պահին մեզ պետք է աջակցի կառավարությունը, միանա հարցի քննարկումներին, ինչ-որ հարկերից ազատի կամ չգիտեմ ինչով կարող է օգնի, որովհետեւ սա հանրային խնդիր է, մի հոգու, երկու հոգու չի վերաբերում, այլ 155 ընտանիքի հարց է դրված»,-ասաց բնակարանատեր Գեւորգ Պողոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից  «Տոնուս» ՍՊԸ-ից խաբված մի քանի տասնյակ բնակարանատերեր ներխուժել էին Դավիթաշենի 2-րդ թաղամասում ՍՊԸ-ի կառուցած շենք, եւ  մի քանի ժամ մնացել այնտեղ՝ պահանջելով հանդիպում Արցախբանկի եւ Կառավարության ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: