Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 9-ին Սոչիի նախագահական նստավայրում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:

Հանդիպման ընթացքում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր: Առանձին անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: «Մենք բազմաթիվ երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր ունենք: Փառք Աստծո, որ մեր հարաբերությունները զարգանում են. մենք կանոնավոր կերպով կապ ենք պահպանում ինչպես մեր, այնպես էլ Կառավարությունների մակարդակով: Զարգանում են տնտեսական, մարդասիրական կապերը, նաեւ ակտիվորեն համագործակցում ենք մի շարք այլ ուղղություններով»,- նշել է Վլադիմիր Պուտինը եւ հավելել. «Կխոսենք նաեւ ցավոտ խնդիրների շուրջ, որոնք վերաբերում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»:

Ադրբեջանի նախագահն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջեւ դրական առաջընթաց է գրանցվում: «Մենք գնահատում ենք այդ եւ Ռուսաստանին դիտարկում ենք որպես մեր հիմնական գործընկերներից մեկը միջազգային ասպարեզում: Մեր համագործակցությունը  բազմաթիվ ոլորտներ է ընդգրկում՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական: Ապրանքաշրջանառությունն աճում է. անցյալ տարի աճել է, այս տարի նույնպես աճ ենք նկատում: Փոխադարձ ներդրումներն արդեն զգալի ծավալներ են կազմում»,- ընդգծել է Ալիեւը:

Նա նաեւ հավելել է, որ ադրբեջանական կողմը վճռական է պոտենցիալ համագործակցությունը մեծացնելու հարցում: «Եվ, իհարկե, տարածաշրջանային անվտանգության եւ մեր տարածաշրջանի կայունության հետ կապված հարցերը: Սրանք խնդիրներ են, որոնք միշտ մեր օրակարգում են: Մենք կքննարկենք նաեւ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, որն արդեն բավական ձգձգվել է ու լուծում է պահանջում»,- հավելել է Ադրբեջանի ղեկավարը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Սոչիում նախանշված է նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը: