Գյումրու Gtecհ Solutions ընկերությունը, որը պատրաստվում է հաստատվել Գյումրու տեխնոպարկում, գերմանական ընկերության կայքի ստեղծման պատվեր է իրականացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնում է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) տնօրեն Ամալյա Եղոյանը: Հայ վեբ-դիզայներների հաճախորդն է դարձել զբոսանավերի վարձակալությամբ զբաղվող գերմանական Yachtino ընկերությունը: «Մի օր Գերմանիայից լրագրող այցելեց մեզ: Մեր մասին նյութ գրեց եւ հեռացավ: Մի քանի ամիս անց Գերմանիայից մեզ զանգահարեցին արդեն պատվիրատուները: Իհարկե, անսպասելի էր եւ հաճելի: Փորձեցինք հուսախաբ չանել եւ, կարծում եմ, ստացվեց»,- նշեց ԳՏՏԿ-ի տնօրենը:

Gtech Solutions ընկերությունը 2010 թվականին հիմնադրել են ԳՏՏԿ-ի՝ 2005 թվականից գործող տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի 4 շրջանավարտներ: Նոր ընկերությունը սկսել է կայքեր պատրաստել ԳՏՏԿ-ի այն ժամանակվա տնօրեն Ջեյսոն Փոլ Ղազարյանի ղեկավարությամբ:

Եղոյանը հավելեց, որ թեեւ կենտրոնի շրջանավարտների պահանջարկը աշխատանքի շուկայում բարձր է, սակայն նախագծի դոնորը՝Հայ օգնության ֆոնդը (Fund for Armenian Relief - FAR), որոշեց կրթական նախագծին կից նաեւ առեւտրային նախագիծ գործարկել. սա շրջանավարտների համար ոչ միայն նոր աշխատատեղեր ստեղծեց, այլեւ բարձրացրեց ուսուցման ինքնաբավության մակարդակը: Այժմ  Gtech-ում արդեն 12 մարդ է աշխատում, իսկ մի քանիսը փորձառություն են ձեռք բերում:

Բացի նոր կայքերի ստեղծումից, ընկերությունը նաեւ գործող կայքերի տեխնիկական սպասարկում է իրականացնում: Երրորդ ոլորտը, որը GITC-ն ոչ պակաս կարեւոր է համարում, անձնակազմի՝ աութսորսինգի տրամադրումն է այլ ընկերություններին (staff augmentation):

«Պատվիրատուն առաջադրում է ծրագիր գրել, օպտիմիլացնել կայքը կամ մեկ այլ բան: Մենք ընտրում ենք մասնագետին, ում նախագծի շրջանակում ղեկավարում է այդ ընկերությունը: Այս սխեմայով մենք արդեն համագործակցում ենք արտասահմանյան մի շարք ընկերությունների հետ»,- հստակեցրեց Եղոյանը:

Ընկերության հաճախորդներից են Le Courrier d’Erevan Հայաստանում Ֆրանկոֆոնիայի տեղեկատվական կայքը, «Հաշմանդամների մարզա-մշակութային կենտրոն»-ը, UNICEF Armenia-ն, Հայ գրականության հիմնադրամը, ինչպես նաեւ մի շարք առեւտրային ձեռնարկություններ:

GITC-ը հիմնադրվել է 2005 թվականին՝ FAR-ի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) եւ Shirak Technologies ընկերության կողմից: