Աշխարհահռչակ դերասան Ռոբերտ դե Նիրոն հերթական ռեստորանն է բացել: Ռեստորանը գտնվում է Բոդրումում, անձնակազմը բաղկացած է 60 հոգուց՝ առավելապես ճապոնացիներ, անգլիացիներ ու թուրքեր:
Սա թվով 33-րդ համատեղ ռեստորանն է, որը դեռրասանը բացում է իր մոտ բարեկամ, ճապոնացի խոհարար Նոբու Մացուխիսայի հետ, եւ երկրորդ ռեստորանը՝ ադրբեջանցի ձեռներեցների հետ համագործակցությամբ:
Թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Մացուխիսան հայտարարել է, որ իրենք Ռոբերտ դե Նիրոյի հետ որոշել են ռեստորան բացել Բոդրումում միայն այն բանից հետո, երբ համաձայնություն են ձեռք բերել «Palmali Group» ընկերությունների խմբի հետ, որը պատկանում է ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովին: «Մենք սկսեցինք ուսումնասիրել տեղի շուկայի առանձնահատկությունները: Պարզ էր, որ Բոդրումն ապահով մարդկանց հանգստի վայր է: Միայն գրավոր համաձայնության ձեռք բերումից հետո բացեցինք ռեստորանը»,- ասել է Մացուխիսան:
Նշենք, որ Ռոբերտ դե Նիրոն արդեն համատեղ ռեստորան ունի մեկ այլ ադրբեջանցի օլիգարխի՝ Արաս Ագալարովի հետ: Ռեստորանն ունի 500 նստատեղ, մասնագիտացված է ճապոնական խոհանոցի վրա, բացվել է Մոսկվայում «Կրոկուս Սիթի Մոլի» տարածքում, որը պատկանում է Արաս Ագալարովին:




























