Վիճաբանության արդյունքում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանին սպանած Դավիթ Խաչատրյանի փաստաբանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու եւ ավելի մեղմ պատիժ նշանակելու հայցով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Հույս ունենք, որ Վերաքննիչ դատարանը կբեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը եւ ավելի արդար վճիռ կկայացնի»,- հավելեց նա։

Փաստաբանի խոսքով՝ պաշտպանական ճառում իրենք հիմնավորել են, որ Դավիթ Խաչատրյանը դիտավորյալ չի կրակել եւ ընդհանրապես դիտավորություն չի եղել, այլ անզգուշություն, իսկ դատարանը միայն ձգան սեղմելն է դիտավորություն համարել. «Դատարանը համոզվեց, որ մենք ճիշտ ենք ասում, բայց որպեսզի սպանության հոդվածը չհանվի Դավիթ Խաչատրյանի վրայից, դատավճռում նշեց, որ չնայած Խաչատրյանը չի ցանկացել որեւէ մեկին սպանել, բայց ձգանը դիտավորյալ է սեղմել»։

Երեմ Սարգսյանը նշեց, որ իր պաշտպանյալին սպանության, այլ ոչ թե զենքի հետ վարվեցողության կանոները խախտելու համար դատապարտեցին, քանի որ տուժող կողմին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոստացել էր, որ Դավիթ Խաչատրյանը կդատապարտվի, քանի որ դիտավորյալ սպանություն է եղել։

Նշենք, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժը կրող Դավիթ Խաչատրյանը ողնաշարի հետ կապված խնդիրներ ունի եւ գտնվում է բժիշկների հսկողության ներքո։

Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանը դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, որից 13 տարին՝ Լյուքս Ստեփանյանի սպանության, 4-ը՝ նրա մյուս ծառայակից Հրաչյա Սարգսյանին հրազենային ծանր վնասվածք հասցնելու համար։ Փաստաբանը պատրաստվում է բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել: