Բաղդադում օգոստոսի լույս 11-ի գիշերը անվտանգության խստացված միջոցառումներ են ձեռնարկվել: Իրաքի մայրաքաղաքի գրեթե բոլոր թաղամասերում հերթապահում են վարչապետ Նուրի ալ Մալիքիին հավատարիմ ուժային կառույցների ներկայացուցիչներ: Մինչ այդ ալ Մալիքին նախագահին Սահմանադրությունը խախտելու մեջ էր մեղադրել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա՝ նախագահը ձգձգում է վարչապետի թեկնածության առաջադրումը՝ խախտելով երկրի հիմնական օրենքը: Մալիքին ինքը մտադիր է երրորդ անգամ ղեկավարել կառավարությունը:
Գլխավոր փողոցները եւ մայրուղիները զբաղեցրել են բանակային եւ ոստիկանական ստորաբաժանումները` զրահապատ տեխնիկայով: Կամուրջները շրջափակված են տանկերով, արգելափակված են քաղաքի բոլոր մուտքերը եւ ելքերը:
Վարչապետին հավատարիմ շիա ոստիկանությունը ՆԳՆ հատուկ ստորաբաժանումների օգնությամբ արդեն վերահսկողության տակ է առել ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող օբյեկտները:
Նախագահական պալատի շուրջ դիրքավորվել են ուժային ստորաբաժանումները: Նախագահի պաշտպանությունը բարձր պատրաստականության վիճակում է:
Զորքերի տեղակայումից կես ժամ անց ալ Մալիքին ելույթ է ունեցել՝ խոստանալով դատի տալ հուլիսի 24-ին ընտրված նախագահ Ֆուադ Մաասումին: «Ես դաշնային դատարան հայց կներկայացնեմ նախագահի դեմ, որը խախտել է Սահմանադրությունը` ղեկավարվելով բացահայտ քաղաքական դրդապատճառներով», - հայտարարել է նա:
Ալ Մալիքիի հակառակորդները նրան մեղադրել են հեղաշրջման փորձի եւ իշխանությունից հրաժարվել չցանկանալու համար: Վաշինգտոնում պաշտոնապես հայտարարել են Ֆուադ Մաասումին լիակատար աջակցության մասին:





























