Քաղաքականությունում, ինչպես եւ խոհանոցում, հարկավոր են փորձ եւ հմտություններ, որպեսզի քաղաքական գործընթացներում, օգտագործելով համեմունքների ճիշտ համամասնություն, համեղ կերակուր ստացվի: Հայաստանի ներքաղաքական խոհարարները տիրապետո՞ւմ են, արդյոք, այդ հմտություններին: Այս եւ քաղաքական խոհանոցի այլ նրբությունների մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցեց «Բարգավաճ Հայաստան» պատգամավորական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը.

Աշխարհի ո՞ր խոհանոցի հետ կարելի է համեմատել Հայաստանի ներքաղական իրավիճակը:

Երկրի ներքաղաքական իրավիճակը բնորոշ է մեր ազգային դիմագծերին, որը համահնչյուն է ժողովրդական-ազատագրական կերակրին՝ աջափսանդալին: Իմիջիայլոց, ես սիրում եմ այդ ուտեստը:

Համեմունքների ինչպիսի՞ ցանկ է օգտագործվում Ազգային ժողովում:

Մեր խորհրդարանը հաճախ է հիշեցնում ընթրիքից հետո մատուցած մանանեխին: Մեծ հաշվով, խորհրդարանում, անհամ համեմունքներ են հավաքված: Ես չեմ ցանկանում որեւէ մեկին վիրավորել, սակայն խորհրդարանում մի քանի պատգամավորներ կան, որոնց բացակայությունը կդարձներ այն դոնդողային զանգված, ընդ որում՝ անհամ: Բոլորը շատ լավ հասկանոււմ են, որ խոսքն այն պատգամավորների մասին է, ովքեր խորհրդարանին որակ են հաղորդում: 131 պատգմավորներից ես կառանձնացնեի առավելագույնս 10 մարդու, ովքեր հանդես են գալիս համեմունքների դերում:

Խորհրդարանական խոհանոցում վերջերս փոխվել է ավագ խոհարարը: Կարո՞ղ է նա արդյոք գլխավոր ուտեստը՝ աջափսանդալը փոխարինել ավելի գրավիչ ուտեստով:

Ոչ. «աջափսանդալ» անունով իրավիճակը ավելի կխորանա: Մենք շատ առանձնահատուկ ենք մեր մտածելակերպով: Միակ բանը, որ կարող է անել ավագ խոհարարը, խոհարարական գրքին՝ Ազգային ժողովի կանոնադրությանը հետեւելն է:

Ի՞նչ է պակասում երկրի գլխավոր խոհանոցին՝ խորհրդարանին:

Պակասում է չափի զգացողությունը այս կամ այն համեմունքն օգտագործելիս: Շարքային քաղաքացիները կցանկանային խորհրդարանում տեսնել համեմունքներ, որոնք կարող են մարսել: Չնայած մարդկանց դուր է գալիս խորհրդարանական համեմուքնների սրությունը, դրանք պետք է օգտագործել չափի մեջ: