Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծում չունի: Խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Այդ մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով նախագահների եռակողմ հանդիպմանը:

«Ուստի մենք մշտապես, առանց որեւէ ձեւականությունների, ինչպես ասում են՝ «առանց նազ ծախելու», մշտապես համաձայնվում ենք հանդիպումների, առավել եւս՝ բարձր մակարդակով հանդիպումների, եւ այս դեպքն էլ բացառություն չէր: Մենք անմիջապես արձագանքեցինք Ռուսաստանի նախագահի հրավերին՝ հանդիպելու Սոչիում, եւ ինչպես տեսաք՝ հանդիպումը կայացավ»,- նշել է նա:

Խոսելով նոր համաձայնագրի հնարավորության մասին՝ Սերժ Սարգսյանը նկատել է. «Չեմ կարծում, որ իմաստ ունի խոսել նոր համաձայնագրի մասին, որովհետեւ՝ ի՞նչ տարբերություն այդ համաձայնագիրը հիմա է կնքվում, թե նախկինում է կնքվել̀ առավել եւս, որ նախկինում̀ 1994 եւ 1995 թվականներին երկու համաձայնագրեր են կնքվել եւ կողմերն ուղղակի պարտավոր են կատարել այդ համաձայնագրերի պահանջները: Այլ բան, եթե նոր դրույթներ լինեն, եւ նոր դրույթների հիման վրա համաձայնագիր կնքվի̀ ընդհանրապես ռազմական ուժ չկիրառելու մասին. սա մի ավելի բարձր աստիճան է, քան հրադադարի մասին համաձայնագիրը: Ընդհանրապես, միջնորդների կողմից եւ մեր կողմից այդպիսի հարցեր բարձրացվում են, բայց մենք դեռեւս չենք տեսնում, որ Ադրբեջանը դրան դրական է արձագանքում»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման մասին եռակողմ համաձայնագիրը ստորագրվել է 1994 թվականի մայիսին: Փաստաթուղթն անժամկետ է եւ ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի կողմից»,- նշել է  նա:

Նախագահը նաեւ հավելել է, թե իրենք բանակցությունները վարում են Կազանյան փաստաթղթի շուրջ, եւ դա այն փաստաթուղթն է, որի ստորագրումից Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվեց: