Ընդհանուր կարծիք կա, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կարող են բացասական հետեւանքներ ունենալ նաեւ Հայաստանի տնտեսության համար: Այդ մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով պատժամիջոցների մասին:
Նրա խոսքով, այս տեսակետի կողմնակիցները ելնում են այն հանգամանքից, որ եթե Ռուսաստանի տնտեսությունը քիչ աճ ունենա կամ չաճի, եւ քանի որ մեր տնտեսությունը սերտորեն շաղկապված է Ռուսաստանի տնտեսության հետ, անպայման Հայաստանի համար բացասական հետեւանքներ կարող են լինել: «Ես չեմ կարող հերքել այդ վարկածը: Բայց դա ընդամենը վարկած է: Թեեւ՝ շատ հավանական, բայց՝ վարկած է: Մշտապես այդպիսի թեմաները դառնում են սուր քննարկումների, բանավեճերի առարկա: Միգուցեեւ դա ճիշտ է: Բայց մյուս կողմից էլ դա որպես պարզ ճշմարտություն չի կարելի ընդունել, եւ մենք իրավունք չունենք դա ընկալելու, որ հենց այդպես է լինելու՝ անպայման բացասական հետեւանքներ են լինելու»,- ասել է նա:
«Ինչ վերաբերում է կանխարգելիչ միջոցառումներին, ապա Հայաստանի կառավարության ծրագրով այդպիսի միջոցառումներ նախատեսված են: Եթե հիշում եք՝ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը հաստատելու ժամանակ վարչապետը այդ մասին հանգամանորեն խոսեց: Մենք այնպիսի թվեր ենք նախանշել, որ վատ հետեւանքներ գրեթե ես բացառում եմ, որ կունենանք: Մենք պետք է վարենք ճիշտ մակրոտնտեսական քաղաքականություն՝ եւ կարճաժամկետ առումով, եւ երկարաժամկետ առումով, խրախուսենք տնտեսությանը, որպեսզի արձանագրենք տնտեսական աճ:
Ուրախ եմ, որ այլ պարամետրեր այսօր մտահոգության քիչ առարկա են. որեւէ մեկն այսօր չի խոսում գնաճի մասին, մեծ գնաճի մասին եւ այլնի մասին: Հիմա էլ ասում են՝ աճի տոկոսը փոքր է, ցածր է: Հասկանում եմ, որ ցածր է: Կցանկանայի լիներ ոչ թե 3 տոկոս, այլ 30 տոկոս: Բայց բոլոր ցանկությունները չեն, որ իրականանում են: Ես կարծում եմ՝ կարեւորն աճ ունենալն է, եւ կարեւորն այն է, որպեսզի մենք կարողանանք օգտվել նաեւ նոր ի հայտ եկած հնարավորություններից»,- նշել է Սարգսյանը:
Նա նկատել է, թե մի կողմից ասում են, որ պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի դեմ, եւ սա կարող է Ռուսաստանի տնտեսությանը վնասել, բայց մոռանում են ասել, որ Ռուսաստանն էլ պատժամիջոցներ է կիրառել այլ երկրների դեմ: «Նշանակում է՝ ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել մեր գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար: Խնդրեմ՝ կոմպենսացնենք: Մենք խրախուսելու ենք մարդկանց, որպեսզի ավելի շատ մթերք արտադրեն: Մենք ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի այդ մթերքն իրացվի Ռուսաստանի Դաշնությունում: Բայց միայն մեր ձեռնարկած միջոցներն ու մեր ցանկությունը բավարար չեն: Մենք պետք է հասկանանք, որ բարեկեցության աղբյուրն աշխատանքն է: Այլ ճանապարհ չկա: Իհարկե, ամեն ինչը շատ կարեւոր է. բաց հասարակությունը կարեւոր է, գիտությունը կարեւոր է, առողջապահությունը կարեւոր է, մրցակցությունը կարեւոր է, ամենը կարեւոր են, բայց ամենակարեւորը աշխատանքն է: Եթե բոլորս գիտակցենք, որ մեր բարեկեցության աղբյուրը աշխատանքն է, մենք շատ խնդիրներ լուծած կլինենք»,- ամփոփել է Սարգսյանը:





























