Հայաստանն ունի բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, եւ որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են: Այդ մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով Ադրբեջանի ղեկավարության հոխորտանքների մասին:

«Ադրբեջանի նախագահը մի շատ լավ բան ասաց, թե կողմերը քաջատեղյակ են իրենց հնարավորությունների մասին: Իրոք, մենք քաջատեղյակ ենք, թե ինչպիսի հնարավորություններ ունեն Ադրբեջանի զինված ուժերը: Ադրբեջանի ղեկավարությունը քաջատեղյակ է մեր հնարավորությունների մասին: Այո, եւ դա ես առանց որեւէ մտավախության եմ ասում, Ադրբեջանի զինված ուժերը Նախիջեւանից կարող են «հասնել» նաեւ Երեւանի սահմաններին, եթե ռազմական գործողություններ սկսվեն: Բայց այդպիսի բաներն անպատիժ երբեք չեն մնում, եւ Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ գիտի, թե ինչ կարողություններ ու հնարավորություններ ունեն հայկական զինված ուժերը: Նրանք շատ լավ գիտեն, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, եւ որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են: Ընտրության հարց է: Եթե այդ մարդիկ «իրենց գլխից ձեռք են քաշել», եթե նրանք որոշել են, որ պետք է գնալ ռազմական լայնածավալ գործողությունների եւ, նույնիսկ, կարող են Հայաստանի բնակավայրերը, որոնք սահմանամերձ չեն, ընտրել որպես թիրախ, ապա թող իրենք իրենց պատասխանատվության մասին մտածեն»,- նշել է Սարգսյանը:

Նա նկատել է, թե իրեն որոշ դեպքերում թվում է, որ որոշ մարդիկ Բաքվում երեկոյան ժամերին̀ աշխատանքից հետո, համակարգչային խաղերով են զբաղված եւ կռիվ-կռիվ են խաղում: «Բայց նրանք պետք է հասկանան, որ վիրտուալ իրականությունը մի բան է, իսկ իրականությունը̀ մեկ այլ բան: Երբեք չի կարելի չոր թվեր դնել եւ հաշվարկել, ասել̀ մեր համախառն ներքին արդյունքն այսքան է, Հայաստանինը̀ այսքան, մենք ունենք այսքան տանկ, Հայաստանը̀ այսքան տանկ, եւ եթե ռազմական գործողություններ լինեն, ապա մենք կհաղթենք: Իմ ասածը չի նշանակում, որ համախառն ներքին արդյունքը նշանակություն չունի, փողը, տանկերի քանակը նշանակություն չունեն: Ես դա չեմ ասում: Իհարկե, ունեն: Բայց դա բավարար չէ: Վերջին գործողություններն այդ մասին էին խոսում»,- ասել է նախագահը: