«Օֆշորի գործով» կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանի հարցաքննությունը դեռ շարունակվում է, չնայած հիմնական ցուցմունքն արդեն գործարարը տվել է։ Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը։

«Քննությունը շարունակվում է, հիմնական ցուցմունքն արդեն տվել է, սակայն հանգամանքները շատ են, բազմաթիվ հարցեր կան, որ պատասխան չունեն դեռ, այդ պատճառով էլ հարցաքննությունը շարունակվում է։ Այս գործը երկար պատմություն ունի»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ նախատեսվում է առերեսում Փայլակ Հայրապետյանի հետ, սակայն միայն վերջնական հարցաքննությունից հետո։

«Առջեւում դեռ երկամսյա կալանքը երկարաձգելու մասին քննիչի միջնորդության քննությունն է լինելու դատարանում։ Գիտենք, որ երկարաձգելու են ժամկետը»,- ավելացրեց Յուրիկ Խաչատրյանը։

Նշենք, որ Աշոտ Սուքիասյանը կալանավորվել է հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո: Նա գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, հարազատներին արգելված է տեսակցել գործարարին:

Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: