Սոչիի հանդիպմամբ Մոսկվան փորձում էր աշխարհին ցույց տալ, որ Հարավային Կովկասում տերը դեռեւս մնում է «արջը»: Այս մասին օգոստոսի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ նրա` այդ մասին են վկայում ինչպես Կրեմլի վարած քաղաքականությունը, մասնավորապես այն փաստը, որ հանդիպմանը չի հրավիրվել ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ոչ մի համանախագահ, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը «առանձնահատուկ մտերիմ հարաբերությունների եւ խոր նախապատմության մասին, որը հնարավորություն է տալիս անկեղծորեն կարծիք ներ փոխանակել»:
Ըստ փորձագետի` Պուտինը Ուկրաինայի իրադարձություններին զուգահեռ ցանկանում է խաղաղարարի դերում հանդես գալ միջազգային հանրության աչքում եւ միաժամանակ հասկացնել, որ Ռուսաստանը կարեւոր գործընկեր է միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման հարցում:
Հիշեցնենք, որ Սոչիում օգոստոսի 10-ին կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը, մասնավորապես ասել էր. «Անկասկած, մենք հարգանքով ենք վերաբերվում միջազգային այդ բոլոր ձեւաչափերին եւ շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների հետ: Բայց ելնում ենք այն հանգամանքից, որ մենք, ամեն դեպքում, առանձնահատուկ մտերիմ հարաբերություններ ունենք եւ նախապատմությունն այնքան խորն է, որ մեզ թույլ է տալիս անկեղծորեն կարծիքներ փոխանակել այն մասին, թե որտեղ ենք գտնվում եւ ինչ է հարկավոր անել՝ անցյալից մեզ բաժին հասած այդ բոլոր խնդիրները կարգավորելու համար…»:





























