Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհդրակցության ժամանակ զեկուցվել է, որ շարունակվում են սեփականատերերի, վարձակալների եւ կառուցապատողների կողմից սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքների մաքրման եւ բարեկարգման աշխատանքները: Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից հայտնում են:
Ըստ այդմ, հաշվառված 194 տարածքներից 19-ի մասով, որոնք չեն կատարել պարտավորությունները, նախորդ շաբաթ կազմվել են վարչական արձանագրություններ: Այս առումով՝ հանձնարարվել է օրենքով սահմանված կարգով ավելի կոշտ քայլեր ձեռնարկել՝ տարածքները պատշաճ տեսքի բերելու համար:
«Թե´ զանգվածային լրատվության միջոցներով, եւ թե´ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատակիցների կողմից արդեն մի քանի տարի է պարբերաբար տեղեկացրել, նախազգուշացրել եւ հորդորել ենք սեփականատերերին ու վարձակալներին, որ մաքրեն եւ բարեկարգեն իրենց տնօրինման տակ գտնվող, ինչպես նաեւ դրանց հարակից տարածքները: Այլեւս ժամանակն է, որ յուրաքանչյուրը կատարի իր կողմից մայրաքաղաքի նկատմամբ ստանձնած պարտավորությունը, եւ այս մասով մեր դիրքորոշումն այսուհետ պետք է լինի շատ ավելի խիստ եւ կոշտ: Պարտավորությունները չկատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ: Որեւէ մեկը բարոյական իրավունք չունի վարձակալած կամ, առավել եւս, սեփական տարածքն անբարեկարգ ու անխնամ վիճակում թողնել: Դիմեք օրենքով սահմանված առավել խիստ միջոցների, ընդհուպ վարձակալության պայմանագրերի խզում, իսկ անբարեխիղճ սեփականատերերի դեպքում էլ դատական կարգով փորձեք լուծել հարցը» ,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:





























