Ադրբեջանը բանակցությունների ընթացքում միշտ խոսում է դիվանագիտության, հաշտեցման մասին, հետո անում այն, ինչ անում է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Սարգսյանը:
Նրա կարծիքով, որոշ ժամանակ անց լարվածությունը կմեղմանա: «Ծայրահեղ դեպքում՝ կան որոշակի համաձայնություններ, սակայն չեմ կարծում, թե Ադրբեջանի քաղաքականությունը եռակողմ հանդիպումից հետո փոփոխվել է: Կայացած հանդիպումը պարզապես հերթականն էր, քանի որ չի կարող լինել այնպես, որ նախագահները երկար ժամանակ չհանդիպեն, իսկ այժմ հանդիպել են, եւ ղարաբաղյան հիմնախնդիրը սկսել է լուծվել»,- նշեց Արմեն Սարգսյանը: Նա ընդգծեց, որ դե յուրե բանակցային գործընթացը վերսկսվել է, սակայն դե ֆակտո որեւէ առաջընթաց չկա: «Այս հանդիպման լավագույն արդյունքը խաղաղության հաստատման եւ հրադադարի ռեժիմի պաշտպանության շուրջ համաձայնության ձեռքբերումը կլիներ, որն իսկապես կպաշտպանվեր»,- եզրափակել է Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը:





























