Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են Կոլումբիայի հետ սահմանին 17 հազար զինվոր տեղակայելու մասին, որոնք պետք է արգելափակեն վառելիքի եւ հիմնական սպառողական ապրանքների  անօրինական առեւտրի բոլոր ուղիները հարեւան երկիր:

Բենզինի եւ այլ ապրանքների ապօրինի առեւտրի դեմ պայքարի նպատակով Կոլումբիայի հետ սահմանը գիշերը փակելու մտադրության մասին Վենեսուելայի իշխանությունները հայտարարել էին անցյալ շաբաթ:  Ըստ զինվորականների հայտարարության` սահմանի 2,2 հազար կմ-ն ամեն օր կփակվի  22.00-ից 5.00-ը, այդ ընթացքում արգելվում է մարդկանց տեղաշարժը եւ ցանկացած բեռան տեղափոխում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Այս տարի Վենեսուելայի սահմանապահները Կոլումբիայի սահմանին առգրավել են 40 միլիոն տոննա բենզին եւ 21 հազար տոննա պարենամթերք:
Ներկայումս 95-րդ բենզինի լիտրը Վենեսուելայում արժե կես ցենտ, իսկ մեքենայի բաքը կարելի է լիցքավորել 0,4 դոլարով, որն զգալիորեն  ցածր է Կոլումբիայում բենզինի գնից: Ընդ որում` խմելու ջրի մեկ շիշը երկրում քառակի թանկ է, իսկ բենզինի համար պետության սուբսիդվորումները հասնում են տարեկան մինչեւ 12,5 միլիարդ դոլարի: