Մալայզիացի երեք ոստիկաններ կշարունակեն Boeing 777 օդանավի վթարի հետաքննությունը Նիդեռլանդներում եւ Ուկրաինայում, փոխանցում է New Straits Times թերթը` վկայակոչելով Մալայզիայի ոստիկանապետ Հալիդ Աբու Բաքարին: 

Ամստերդամ-Կուալա-Լումպուր մեկնող Malaysia Airlines ընկերության Boeing 777-ը վթարի էր ենթարկվել հուլիսի 17-ին Ուկրաինայի արեւելքում:  Օդանավի բոլոր 298 ուղեւորները զոհվել էին:  Կիեւի իշխանությունները վթարի համար մեղադրել են ապստամբներին, վերջիններս հայտարարել են, որ նման բարձրությունում օդանավ խփելու միջոցներ չունեն: Ռուսաստանը կարծում է, որ վթարը պետք է հետաքննի փորձագետների միջազգային խումբը` Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հովանու ներքո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ թերթի` Բաքարը հայտարարել է, որ Ուկրաինայից Մալայզիա է ժամանել ոստիկանների վերջին խումբը, սակայն «անհրաժեշտության դեպքում, նրանք  հետ կվերադառնան»: Ըստ նրա` Կիեւ կուղարկվի մեկ սպա, մյուսները` Էյդենհովեն եւ Ամստերդամ: Ընդհանուր առմամբ` Ուկրաինայում գտնվել էին մալայզիացի 87 ոստիկան: