Օգոստոսի 12-իը նշվում է՝ որպես Երիտասարդության միջազգային օրը: 1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ։

Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000թ. օգոստոսի 12-ին: Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով։

ՄԱԿ-ի դասակարգմամբ՝ երիտասարդ են համարվում 15-24 տարեկան մարդիկ: Ներկայումս այդ կատեգորիայի մեջ մոտ 1,2 միլիարդ մարդ է գտնվում, այսինքն՝ համաշխարհային բնակչության 18%-ը: Նրանցից շատերը բնակվում են զարգացող երկրներում եւ տառապում ռեսուրսների նկատմամբ հասանելիության, առողջապահության, կրթության, մասնագիտական վերապատրաստման ծառայությունների, աշխատանքի տեղավորման, ինչպես նաեւ տնտեսական հնարավորությունների սահմանափակությունից: