Տավուշի մարզպետարանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով նոր բնակարաններ է հատկացրել Այգեպար գյուղում օգոստոսի 10-ին հակառակորդի կրակոցներից ամբողջովին այրված տների բնակիչներին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, հարցը լուծվել է օգոստոսի 11-ի երեկոյան: «Երկու գյուղացիներին էլ կացարանով ապահովել ենք, տրամադրել ենք 3 սենյականոց տներ նույն գյուղում: Այս պահին փաստաթղթային ձեւակերպումների հարցն ենք լուծում, բայց իրենց երեկ արդեն տեղափոխվել են»,- ասաց մարզպետը:
Նշենք, որ տունը կորցրած այգեպարցիներից մեկը 78-ամյա Արշալույս Գեւորգյանն էր, որն իր կնոջ եւ հաշմանդամ որդու հետ հարեւանի տանն էր ապրում: Մյուս այրված տան սեփականատեր Վանո Վարդազարյանը հրդեհի ժամանակ գյուղում չի եղել, բուժման նպատակով մի շաբաթով կնոջ հետ մեկնել էր արտերկիր:
Ինչպես հայտնել էր արտակարգ իրավիճակի նախարարությունը, օգոստոսի 10-ին, ժամը 04.20-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այգեպար գյուղի տներից մեկում: Ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով, դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, հրշեջ հաշվարկը դադարեցրել էր ընթացքը եւ իրականացրել հերթապահություն: Ամբողջությամբ այրվել էին 130քմ. մակերեսով Ա. Վ.-ին եւ 120քմ. մակերեսով Ա. Գ.-ին պատկանող տները, հրդեհն ինքնամարվել է:
Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնել էր, թե հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից ու հատկապես այրող փամփուշտներով կրակել է Տավուշի մարզի Վազաշեն, Այգեպար եւ մի քանի այլ գյուղերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն իրենց դիրքերի ուղղությամբ, կրակը դադարեցրել էին, նշել էր Հովհաննիսյանը:




























