Հայաստանում ԱՄՆ-ի էներգաքաղաքականությունը կարող է փոխվել հանրապետության եվրասիական ինտեգրացիայից հետո, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:
Նա նշեց, որ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը իր զեկույցներում նշել է Հայաստանում թերթաքարային գազի պաշարների առկայությունը: Այսպես, 1994թ. դրա պաշարները Արամուսի շրջակայքում՝ հանրապետության կենտրոնական մասում, գնահատվել էին 44 մլն տոննա: 2005թ. զեկույցում թիվն ավելի մեծացրել էին՝ 17-18 մլն տոննա Իջեւանում, Շամուտում, Ջերմանիսում եւ 128 մլն տոննա Դիլիջանում: Իսկ 2013թ. ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության ներկայացուցիչներն այցելել էին Հայաստան թերթաքարային գազի պաշարների հետազոտման համար:
Նշենք, որ USGS-ի նշած պաշարները մեծ չեն: Համեմատության համար խորհրդային մեկ այլ հանրապետությունում՝ Լիտվայում, ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչությունը (EIA) թերթաքարային գազի կանխատեսելի (չհաստատված) պաշարները գնահատում է 4 տրիլիոն խորանարդ ֆուտ (շուրջ 2,85 միլիարդ տոննա), իսկ Հայաստանում՝ 150 միլիոն տոննայի սահմաններում: Պատահական չէ, որ EIA-ի ժողովածուում 41 երկրի թերթաքարային գազի պաշարներում (2013թ.) Հայաստանը նշված չէ: Նշենք նաեւ, որ Հայաստանում թերթաքարային գազի պաշարները EIA-ն կանխատեսելի է գնահատում: Այսպես, ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում մասնավոր ընկերություները ամերիկյան կապիտալի մասնակցությամբ փորել են միայն 2 հանքահոր՝ նավթ փնտրելով, որոնք բարձր արդյունքներ չեն տվել:
Այնուամենայնիվ, այդ փոքր քանակությունն էլ բավարար է՝ քաղաքական փաստարկներ կառուցելու համար, կարծում է Դավթյանը: «Ակնհայտ է, որ այստեղ ԱՄՆ-ի շահագրգռվածությունն ունի գերազանցապես աշխարհաքաղաքական բնույթ: Եվ չնայած Վաշինգթոնը Հայաստանում 2013 թ. գազի սակագնի թանկացման ժամանակ վստահեցնում էր, որ չի միջամտում հայ-ռուսական բանակցություններին, այնուամենայնիվ, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդես էրեկել հայտարարությամբ, որտեղ անուղղակի կերպով հայտնել էր Պետդեպի դիրքորոշումը: Այն է՝ Հայաստանն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի օգնությամբ պետք է բ ազմազանեցնի էներգահամակարգը, որպեսզի էներգառեսուրսների գների տատանումները չդառնան էլեկտրաէներգիայի թանկացման պատճառ», - նշել է Դավթյանը:





























