Տրանսֆերային փոխանցումների հետ կապված իրավիճակը՝ ոչ առեւտրային նշանակության դրամական փոխանցումներ Հայաստանի ֆիզիկական անձանց, ամենեւին էլ միանշանակ չէ, եւ դժվար կանխատեսելի: Առաջին կիսամյակում տրանսֆերների ընդհանուր արժեքը տարվա կտրվածքով աճեց 4.7 տոկոսով եւ կազմեց 773.2 մլն դոլարից պակաս:

Ընդ որում, 34.9 մլն դոլար բացարձակ աճի գրեթե 27.6 մլն դոլարը (կամ 79.0 տոկոսը) ապահովել են «ռուսական» փոխանցումները: Թեեւ Ռուսաստանի մասնաբաժինն այս տարիների ընթացքում կրճատվել է (2.3 տոկոսով), այնուամենայնիվ, կազմել է 81.2 տոկոս:

Նշենք, որ Ռուսաստանի քաղաքականությունն աշխատանքային միգրանտների հանդեպ երկակի բնույթ է կրում: Մի կողմից՝ փորձեր են արվում խոչընդոտել «անօրինական» աշխատանքային միգրանտների մուտքը: Սա իրենց վրա զգացին տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ, ովքեր ընթացիկ տարվա առաջին ամիսներին չկարողացան այդ երկիր մուտք գործել: Մյուս կողմից՝ դյուրացվում է նրանց ռուսական քաղաքացիության տրամադրման գործընթացը, ինչը խրախուսում է միգրանտներին մշտական բնակչություն հաստատել Ռուսաստանում:

Նշենք, որ հաշվետու կիսամյակում Հայաստանի քաղաքացիների մուտք-ելքի բացասական հաշվեկշիռը հասել էր 97.5 հազար մարդու: Ընդ որում, երկրորդ եռամսյակում թիվը կազմում էր 71.2 հազար մարդ կամ շուրջ 73 տոկոս բացասական մնացորդով: Անկասկած, զգալի մասը Ռուսաստան է մեկնել սեզոնային աշխատանքի համար կամ նույնիսկ մշտական բնակություն հաստատելու:

Միգրացիայում առկա անհամամասնության հետեւանքով «ռուսական» փոխանցումների դինամիկան, առաջին կիսամյակի տվյալներով, անկայուն էր: Այսպես, փետրվարին եւ ապրիլին անկում էր նկատվում (համապատասխանաբար 1.7 մլն եւ շուրջ 0.6 մլն դոլար): Ռեկորդը գրանցվել է հունվարին՝ 15.3 մլն դոլար: Դրան հաջորդում է հունիսը՝ 9.9 մլն դոլար:

Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանում էապես թանկացել է կյանքը, ընդ որում՝ միտումները չեն հուսադրում: Ռուսական խոշոր բանկերից մեկի փորձագետները, հաշվի առնելով մի շարք անբարենպաստ արտաքին ու ներքին գործոններ, երկրում մինչեւ 8 տոկոս գնաճ են կանխատեսել: Այսինքն՝ Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցները պետք է ավելացնեն սննդի, կոմունալ ծառայությունների ծախսերը: Եթե աշխատանքային եկամուտքների աճը զիջի գնաճի տեմպին, ապա դա կազդի փոխանցումների վրա: