Երեւանի Պարոնյան փողոցում գտնվող «Լաս» գիշերային ակումբում օրերս ծեծկռտուք տեղի չի ունեցել, այլ ակումբի տնօրեն Սերգեյ Զատիկյանը հաճախորդից դանակը վերցնելու համար հարվածել է վերջինիս ուսին, որից հետո ամեն ինչ հանդարտվել է: NEWS.am-ի հետ զրույցում ակումբի տնօրենը պնդեց, որ իրեն ոչ ոք չի կարող ծեծել:

«Հաճախորդը հարբած է եղել՝ նախկինում հոգեբուժարան պառկած, եկավ, նստեց մեր սրճարան ու իրեն շատ անվայել էր պահում, դանակը սեղանին բացված-դրած: Մենեջերը մոտեցավ ու խնդրեց, որ դանակը դնի գրպանը, ինքն էլ դնում է գրպանն ու, դուրս գալով, սրճարանից՝ միտումնավոր վնասում է մեր ակումբին պատկանող մեքենան, լրիվ այլանդակում է մեքենան: Երբ ես տեսախցիկների միջոցով պարզում եմ, որ մեքենան հենց այս հաճախորդն է վնասել, մենեջերին խնդրում եմ, որ մոտենա դանակը պահանջի: Էդ տղան էլ դանակը բացում է ու պարզում դեպի մենեջերը: Հենց այդ պահին էլ ես ոտքով խփում եմ իր ուսին, գցում ու քացով տալիս մի հատ, դանակը վերցնում եմ: Ինքն ինձ չի հարվածել»,- ասաց նա:

Սերգեյ Զատիկյանի պատմելով՝ դանակը վերցնելուց հետո իրենք պարզում են, որ հաճախորդը հասցրել է դանակով հարվածել պարուհիներից մեկին:

«Ես իրեն բացատրում եմ՝ որը որից հետո է, ժամը 06:30-ի սահմաններում ինքը գնում է տուն, իսկ ես որոշում եմ առավոտ շուտ դիմել ոստիկանություն՝ հաղորդում տալով մեքենաս վնասելու մասին: Բայց առավոտյան 9:00-ին գալիս են ոստիկանությունից»,- ավելացրեց նա:

Ակումբի տնօրենի խոսքով՝ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել խուլիգանություն կատարելու հատկանիշներով, իսկ այս դեպքի միակ մեղավորը հաճախորդն է եղել. «Ոստիկանությունում էլ գիտեն, թե ինչ է եղել, ոնց է եղել ու որ միակ մեղավորը հենց այդ հաճախորդն է: Նորից եմ ասում՝ ես սպորտսմեն տղա եմ, ինձ չեն կարող ծեծել, իսկ եթե ես ծեծեի, ինքը հաստատ հիմա վերակենդանացման բաժանմունքում պառկած կլիներ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Պարոնյան փողոցում գտնվող «Լաս» գիշերային ակումբում հաճախորդն ու ակումբի տնօրենը վիճել են ու հարվածներ հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո հաճախորդը տեղափոխվել է հիվանդանոց: