Հայաստանի ՀՔԾ վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի ոստիկան Մկրտիչ Մ.-ի կողմից հաշվեցուցակային զենքը եւ ռազմամթերքն անփութորեն պահպանելու, ծառայակից Սարգիս Հ.-ին հանձնելու եւ արձակված կրակոցի հետեւանքով առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մկրտիչ Մ.-ն ծառայելով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի պարեկապահակակետային ծառայությունում որպես ոստիկան, 2014թ. մայիսի 30-ին, խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ` ՀՀ ոստիկանության ծառայողին պահելու եւ կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք եւ ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու եւ կրելու սահմանված կարգը, ծառայակից Սարգիս Հ.-ի խնդրանքով նրան է հանձնել իրեն ամրակցված 8 փամփուշտներով լիցքավորված պահունակով «Մակարով» տեսակի ատրճանակը: Հրազենը վերցրած Սարգիս Հ.-ն զենքի հետ անփույթ վարվելու հետեւանքով արձակված կրակոցից ստացել է ձախ դաստակի միջանցիկ հրազենային գնդակային վնասվածք, որն առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս:
Մկրտիչ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 239-րդ հոդվածի հատկանիշներով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:




























