Malaysia Airlines ավիաընկերությունը, որն այս տարի երկու օդանավ է կորցրել, անձնակազմի զգալի կրճատումներ է նախատեսում՝ վերակազմավորման ծրագրերի շրջանակումմ փոխանցում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Սինգապուրի Business Times թերթը:

Հաղորդվում է, որ աշխատանքը կկորցնի մի քանի հազար մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան աշխատակիցներ, որոնք, ղեկավար պաշտոններ զբաղեցնելով, անարդյունավետ որոշումներ են կայացրել:

Այժմ ընկերությունն ունի 19,6  հազար աշխատակից: Ավելի վաղ Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը հայտարարել էր Malaysia Airlines-ի ազգայնացման գործընթացի մասին: Մարտին եւ հուլիսին տեղի ունեցած երկու վթարներից հետո ավիաընկերությունը ամեն օր կորցնում է 1-2 մլն դոլար:

 Malaysia Airlines-ի կորած առաջին օդանավը Կուալա-Լումպուրից Պեկին МН370 չվերթն էր իրականացնում: Օդանավի բեկորները մինչ այժմ չեն գտնվել: Ենթադրվում է՝ օդանավը ընկել է  Հնդկական օվկիանոսի հարավային մասում:

Մեկ այլ ահավոր ողբերգություն էր հուլիսի 17-ին   Boeing-777-ի վթարը, որը Ամստերդամից Կուալա-Լումպուր էր թռչում:  Օդանավում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվել էին: