ՕԵԿ-ը  Հայաստանի ազգային ագրարային համալասարանի նախկին լաբորատորiայի տարածքում առանց քաղաքապետարանի թուjլտվության է շինություն իրականացնում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության երկրորդ տարածքային վարչության պետ Արմեն Գրիգորյանը:

«ՕԵԿ-ը ինքնակամ շինարարություն է իրականացնում, որը դեռ արձանագրվել է հուլիսին, եւ այն ժամանակ տուգանվել 200 հազար դրամով: Իրենք շարունակել են շինարարությունը, որի համար այսօր քաղաքապետարանում կազմվել է կրկնակի արձանագրություն եւ այդ հարցը քննարկվելու է այսօր»,-ասաց նա՝ նշելով, որ կրկնակի տուգանքի դեպքում տուգանքի չափը 2 միլիոն 500 հազար դրամ է:

Ագրարային Ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Ղեւոնդյանը հավաքից հետո հայտարարեց, որ մինչեւ սեպտեմբերի 1, իրենք ուսանողներով ամեն օր գալու են այդ տարածք եւ շաբաթօրյակ են անցկացնելու:

«Մենք այսօր հավաքվածների կրկնակի չափով հավաքելու ենք եւ շաբաթօրյակ ենք անցկացնելու, եւ խնդրում ենք ոստիկանությանը չխոչընդոտել մեր աշխատանքները»,-ասաց նա:

ՀԱԱՀ պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը, անդրադառնալով ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ներկայացրած փաստաթղթին, ըստ որի ՀԱԱՀ ռեկտոր Թարվերդյանի համաձայնությամբ է վիճարկվող տարածքը հանձնվել ՕԵԿ-ին, ասաց. «Այդ նամակը դեռ 2008թ. ՕԵԿ-ի քարտուղար Ղուկասյանին  է ուղղված եղել: Իրենք խնդրում են  տարածք հատկացնել, մենք գրում ենք, որ պատրաստ ենք տարածք հատկացնել, բայց մի քանի պայմաններով, որը պարոն Մարգարյանը չներկայացրեց: Այդ պայմաններն են, որ պետք է անպայման նախագիծը մեզ հետ համաձայնեցված լինեն, ընդ որում, դա կառավարությունը պետք է հաստատեր, քանի որ մենք պետական հիմնարկ ենք եւ չենք կարող տարածք տալ ՕԵԿ-ին»:

Նա նշեց, որ Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց փաստաթղթի առաջին մասը՝ չանդրադառնալով իրենց առաջադրած պայմաններին:

Նշենք, որ այսօր ՀԱԱՀ աշխատակիցները ուղերձ հանձեցին ՕԵԿ-ի գրասենյակ՝ պահանջելով դադարեցնել շինարարությունը իրենց պատկանող տարածքում:

Հիշեցնենք, որ ՀԱԱՀ աշխատակիցները բողոքում են, որ ՕԵԿ-ը շինարարություն է սկսել համալսարանին պատկանող տարածքում: ՕԵԿ անդամները վստահեցնում են, որ իրենք ոչ մի անօրինական քայլ չեն անում. քաղաքապետարանի՝ 2008թ. որոշմամբ տարածքն իրենց է պատկանում: Ագրարային համալսարանի կոլեկտիվը պնդում է, որ իրենք անտեղյակ են եղել քաղաքապետարանի նման որոշումից, նրանք պնդում են, որ այն օրինական չէ եւ քաղաքապետարանն իրավունք չուներ պետական տարածքը հատկացնել ՕԵԿ-ին: Հարցին լուծում տալու համար կողմերը դիմել են դատարան, ինչն էլ միջանկյալ որոշում է կայացրել   թույլ չտալ ՕԵԿ-ին շինարարական աշխատանքներ կատարել տարածքում մինչեւ վիճահարույց տարածքի վերաբերյալ վերջնական վճիռ կայացնելը: Դատարանի որոշմամբ ՕԵԿ-ը կարող է միայն վերականգնել Ագրարային համալսարանի նախկին լաբորատորիայի շինության տանիքը, որը նա ապամոնտաժել էր: Վճռից հետո ՕԵԿ-ը շարունակում է շինարարական աշխատանքները, ՀԱԱՀ անձնակազմը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: